ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (1908-1996)

Համաշխարհային աստղաֆիզիկայի խոշորագույն դեմքերից մեկն է ակադ. Վիկտոր Համբարձումյանը, որն անկասկած բոլոր ժամանակների հայ խոշորագույն աստղաֆիզիկոսն ու գիտնականն է: Նա տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրն է: Նրան իրավամբ համարում են XX դարի խոշորագույն գիտնականներից մեկը:
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում (ներկայումս` Թբիլիսի): Ավարտել է Լենինգրադի (ներկայումս` Սանկտ Պետերբուրգ) համալսարանը (1928թ.), 1928-1931թթ.-ին սովորել է ԽՍՀՄ ԳԱ գլխավոր (Պուլկովոյի) աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս   Ա. Ա.   Բելոպոլսկու   ղեկավարությամբ:   1931-1943թթ.-ին   աշխատել  է   Լենինգրադի
համալսարանում (1934թ.-ից` պրոֆեսոր): Եղել է ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939թ.), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը (1939թ.) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941թ.): 1943թ.-ից աշխատել է Հայաստանում, որի ԳԱ հիմնադիր անդամներից է և առաջին փոխպրեզիդենտը: Համբարձումյանը մեծ ավանդ ունի Հայաստանում ֆիզ.-մաթ. գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Եղել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953թ.-ից), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943թ.-ից) և պրեզիդենտ (1947թ.-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947թ.-ից): Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968թ., 1978թ.): ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և տնօրեն (1946թ.-ից): ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947թ.-ից): Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ: Հայկական ԽՍՀ (1940թ.) և Վրացական ԽՍՀ (1968թ.) գիտության վաստակավոր գործիչ: 1948-1955թթ.-ին եղել է Միջազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտ, 1961-1964թթ.-ին` նույն միության պրեզիդենտ, իսկ 1968-1972թթ.-ին` գիտական ընկերությունների միջազգային խորհրդի պրեզիդենտ:
Համբարձումյանը զգալի ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառներում: Նա ստեղծել է գազային միգամածությունների ճառագայթման քանակական տեսությունը, որը հիմք է ծառայել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար: Մշակել է Նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Ստացված գնահատականները Համբարձումյանին թույլ տվեցին գտնել աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները: Մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները: Ցույց է տվել, որ աստղերի մերձեցումների հետևանքով առանձին աստղերի հեռացման պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են: Քայքայման արագությունից ելնելով` գնահատել է աստղակույտերի տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը: Ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրի, ինչպես ընդունված էր նախկինում, այլ բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների` կլանող ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են նրա սիմետրիայի հարթության շուրջը: Այդ ամպերի ուսումնասիրության համար Համբարձումյանը մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը:Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման յուրօրինակ տեսություն, որը հիմնված է իր առաջարկած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս է պրոբլեմի ճշգրիտ լուծումը: Ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խնդիրների լուծման հզոր միջոց: Այդ սկզբունքի հիման վրա Համբարձումյանը ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումներ: 1947-ին նա հայտնագործեց նոր տիպի (դինամիկական տեսակետից անկայուն և քայքայվող) աստղային համակարգեր, որոնց անվանեց աստղասփյուռներ: Համբարձումյանի հաստատած աստղասփյուռների երիտասարդությունը աստղային տիեզերածնության մի շարք սկզբունքային պրոբլեմների լուծման հիմք ծառայեց: Ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսները ներկայումս ևս շարունակվում են և ունեն խմբային բնույթ: Նա բացահայտել է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղը աստղային էվոլյուցիայի ընդհանուր շղթայում,որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչներ: 1950-ական թթ. Համբարձումյանը հայտնագործեց գալակտիկաների կենտրոնական խտացումների` գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք, ռադիոգալակտիկաների դեպքում հզոր ռադիոճառագայթում և այլն): Մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվում է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա:Ըստ այդ վարկածի, նախաստղերը մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնք, տրոհվելով, սկիզբ են դնում աստղերին և աստղային համակարգերին: Նախաստղերի վարկածի կապակցությամբ Համբարձումյանը տվել է աստղերի գերխիտ կոնֆիգուրացիաների տեսության հիմունքները: Համբարձումյանի մշակած սկզբունքներն ընկած են աստղերի և գալակտիկաների էվոլյուցիային նվիրված «Բյուրականյան ուղղության» հիմքում: Ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման կարևոր արդյունքներ է ստացել: Համբարձումյանը գիտության մեջ հիմք է դրել նոր ուղղությունների, Սանկտ Պետերբուրգում և Բյուրականում ստեղծել գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա:
Համբարձումյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1946 և 1950թթ.): Ընտրվել է ԱՄՆ-ի ազգային (1950թ.), Անգլիայի (Լոնդոնի թագավորական ընկերություն, 1969թ.), Արգենտինայի (1975թ.), Ավստրիայի (1956թ.), Բելգիայի (Լիեժի թագավորական գիտական ընկերության, 1953թ.), Բուլղարիայի (1974թ.), ԳԴՀ-ի (Բեռլին,1957թ.), Իտալիայի (1967թ.), Հոլանդիայի (1970թ.), Հնդկաստանի (1976թ.), Նյու Յորքի (1974թ.), Ֆրանսիայի (1958թ.,1974թ.), Շվեդիայի (1973թ.), Չեխոսլովակիայի (1971թ.) գիտությունների ակադեմիաների և Բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի (Հալլե, ԳԴՀ, 1959թ.) օտարերկյա անդամ, Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1978թ.), Միջազգային աստղագիտական միության անդամ (1948թ.), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (Բոստոն, 1957թ.),Քեմբրիջի (Անգլիա, 1969թ.) փիլիսոփայական, ԱՄՆ-ի (1947 թ.), Կանադայի (1959թ.), Մեծ Բրիտանիայի թագավորական և Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությունների (1953թ.) և Ադրբեջանական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի (1972թ.) պատվավոր անդամ: Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի(ԳԴՀ) անվան, Սլովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով: Եղել է Ավստրալիայի ազգային (Կանբերա, 1963թ.), Լիեժի (Բելգիա, 1967թ.), Կարլովի (Պրագա, 1967թ.), Լա Պլատայի (Արգենտինա, 1974թ.), Սորբոնի (Փարիզ, 1965թ.), Տորունի Կոպեռնիկոսի անվան (Լեհաստան, 1973թ.) համալսարանների պատվավոր դոկտոր: Պարգևատրվել է Լենինի հինգ, Աշխատանքային կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով ու մեդալներով:
Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում` թողնելով հսկայական գիտական ժառանգություն, որի ուսումնասիրությունն առ այսօր էլ շարունակվում է: